Լեռնային Ղարաբաղի կողմից ՀՀ քաղաքական ակտիվիստներին չընդունելու պատճառները միանգամայն բացատրելի են։ Այս մասին փետրվարի 6-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «Բերձորում կատարվածը անթույլատրելի է, եւ մենք դատապարտում ենք դա։ Իսկ մեզ ուրիշ ի՞նչ էր մնում անել»,- հայտարարել է նա։
«Բայց ամեն դեպքում, եթե մենք Լեռնային Ղարաբաղը անկախ հանրապետություն ենք ճանաչում, ապա պետք է ընդունենք, որ այդ պետության իշխանությունները իրավասու են արգելել քաղաքական գործընթացներ սկսելու նպատակով այլ պետության քաղաքացիների մուտքը իրենց պետության տարածք։ Լինի դա Հայաստանի Հանրապետությունը, թե մեկ այլ պետություն»,- նշել է Ռուստամյանը եւ նկատել, թե անհասկանալի է, թե ինչու՞ են ակտիվիստները փորձում իրենց լոզունգները ասոցացնել Ցեղասպանութւան 100-ամյակի հետ։
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտնել էր, որ Բերձորում իրենց ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել,որի հետուանքով ծեծի են ենթարկվել մի շարք ակտիվիստներ, այդ թվում՝ ազատամարտիկներ։
ԼՂՀ ոստիկանության հայտարարությամբ՝ ավելի վաղ ակտիվիստներին կոչ են արել հրաժարվել նախաձեռնությունից՝ ղարաբաղյան հասարակությունում լարվածությունից խուսափելու համար։
Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին իշխանափոխության հասնելու անհրաժեշտության մասին։





























