Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում նետված նռնակի հետեւանքով տուժած կնոջը հետազոտել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ կնոջը առաջիկայում կտեղափոխեն Վնասվածքաբանության բաժանմունք, նրան նորից կհետազոտեն, որպեսզի պարզ լինի, թե որ հատվածում են նռնակի բեկորները եւ ինչպես դրանք հեռացնել:
Գագիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ 3-ամյա երեխան վնասվածքներ էր ստացել վերջույթների շրջանում, նրա վիճակը փոքր ինչ կարգավորելուց հետո կարողացան տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխայի վիճակը ծանր է, նրա ոտքերը այժմ վիրահատում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և հնարավոր է, սպանություն է կատարվել: Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանների ձեռնարկած արագ և անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող , 1963 թ. ծնված Մելիք Գալստյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:





























