Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում այսօր՝ փետրվարի 6-ին, նռնակ պայթեցնելու մեջ կասկածվող Մելիք Գալստյանը հոգեկան խնդիրներ ունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տանտիկին Ալվարդ Խաչատրյանը՝ նշելով, որ իր փեսան՝  Մելիք Գալստյանը, երկար ժամանակ է՝ բուժում էր ստանում հիվանդության դեմ։

«Ինքը հոգեբուժարանում հաշվառված չի եղել, բայց այցելել է հոգեբույժի, բժիշկը իրեն դեղեր է նշանակել, ինքն էլ խմել է դրանք: Երեւի ձմեռ էր, ինքն էլ չէր աշխատում, չէր կարողանում  դեղերը գնել ու դրա հետեւանքով վատացել էր։ Մի քանի օր առաջ էլ վիճակի սրություն էինք նկատել մոտը»,- ասաց Ալվարդ Խաչատրյանը։

Տանտիկինը չբացառեց, որ հնարավոր է՝ փեսան պայթուցիկն ինքն էր պատրաստել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման  կենտրոնից Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնաբերել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել  հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, 1963 թ. ծնված  Մելիք Գալստյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Մելիք Գալստյանը տուժած Անահիտ Խաչատրյանի ամուսինն է, որը քրոջ՝ Ալվարդ Խաչատրյանի տանը նրա 4-ամյա թոռնուհուն էր խնամում։ 4-ամյա Ելենային այժմ վիրահատում են։ Հարազատների խոսքով՝ վնասվել է երեխայի միայն ոտքերի հատվածը. նռնակը պայթելիս նա բեկորային վնասվածք է ստացել։