Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 6-ին ընդունել է ՌԴ Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանի մի խումբ մագիստրանտների եւ ասպիրանտների, որոնք Արցախ են ժամանել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից` «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի օժանդակությամբ նախաձեռնված ձմեռային դպրոցի շրջանակներում։
Արտաքին գործերի նախարարն ուսանողներին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների համատեքստում։
Կարեն Միրզոյանը կարեւորել է ձմեռային դպրոցի մասնակիցների այցը Արցախ՝ ԼՂՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ եւ անաչառ պատկերացում կազմելու, ինչպես նաեւ Արցախի գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու առումով։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նաեւ պատասխանել է մասնակիցների հարցերին։
Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը։





























