Ամերիկյան Միսուրի նահանգում 6-ամյա տղայի մայրը, տատիկը եւ մորաքույրը ձերբակալվել են երեխայի կեղծ առեւանգում կազմակերպելու համար։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Մոր կարծիքով՝ տղան շատ դյուրահավատ է փողոցում օգնություն առաջարկող բոլոր անծանոթների նկատմամբ։ Որպեսզի երեխային վառ օրինակով ցույց տա, թե ինչի կարող է հանգեցնել անծանոթների հետ շփվելը, ընտանիքը դիմել էր իր ծանոթներից մեկին՝ խնդրելով կազմակերպել երեխայի «առեւանգումը»։

Երբ տղան դուրս էր եկել դպրոցական ավտոբուսից, տղամարդը խցկել էր նրան իր մեքենայի մեջ, կապել ձեռքերն ու ոտքերը։ Տղամարդն ասել էր երեխային, որ նա այլեւս երբեք չի տեսնեու իր մորը, ինչպես նաեւ սպառնացել էր մեխել նրան մառանի պատին։ Երեխայի լացը կտրելու համար տղամարդը սպառնացել էր նրան ատրճանակով։ Այնուհետեւ տղամարդը կապել էր երեխայի աչքերն ու տարել նրան տան նկուղ, գրում է Lenta-ն։

Որոշ ժամանակ անց նա երեխային ազատ էր արձակել ու թույլատրել էր բարձրանալ տուն։ Նրան այնտեղ սպասելիս են եղել երեխայի հարազատները։ Ոստիկանության տվյալներով՝ տուժած երեխայի ընտանիքը իրեն մեղավոր չի համարում։

Տղայի մորը մեղադրանք է ներկայացվել առեւանգման եւ երեխայի հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար։ Ընտանիքի մյուս անդամներին նույնպես համանման մեղադրանքներ են ներկայացվել։ Առեւանգմանը մասնակցած բոլոր 4 անձանց ձերբակալել են 250 հազար դոլար գրավով։ Տղայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն։