ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 5-ին հրազենային վիրավորումից մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր` փետրվարի 7-ին, Ջերմուկի «Սուրբ Գայանե» եկեղեցում: Այս մասին NEWS.am-ին ասաց մահացած զինծառայողի ընկերը:

Նրա խոսքով՝ Շեքսպիր Հակոբյանի ծնողներն արդեն Հայաստանում են: Նշենք, որ Շեքսպիրի ընտանիքի անդամները, այդ թվում՝ կինն ու որդին, ապրում են ՌԴ Վոլգոգրադ քաղաքում: Նա Հայաստան էր եկել՝ զինծառայություն անցնելու:

Զոհված զինծառայողին հողին կանձնեն զինվորական կարգով Ջերմուկի գերեզմանատանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետեւանքով ժամը 16:15-ի սահմանում  ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: