ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Եվրամիության ռազմավարական գործընկերությունը չդիմացավ փորձությանը։
«Անհնար է ընդունել մեր արեւմտյան գործընկերների փաստարկներն այն մասին, թե համաշխարհային կարգը հանկարծակի փլուզվել է։ Ընդհակառակը, վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ եվրոպական անվտանգության կազմակերպման հարցում խորը համակարգային խնդիրներ կան»,- հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հակահրթիռային պաշտպանության խնդիրը Արեւմուտքի ձեռնարկած միակողմանի քայլերի վառ արդյունք է, վստահ է Լավրովը։ Իսկ հակահրթիռային գործարկման սարքավորումները, որոնք շուտով ԱՄՆ-ն կտեղակայի Լեհաստանում եւ Ռումինիայում, ուղղակիորեն արգելված են միջին եւ փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրով, հիշեցրել է նախարարը։
Լավրովը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր իսկ կողմից ստեղծված ցանկացած բարդ իրավիճակում Ռուսաստանի վրա է բարդում մեղավորությունը։
Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սատարում է Կիեւի ուժային գործողություններին եւ աչք է փակում այլատյաց տրամադրությունների տարածմանը։
Ռուս արտգործնախարարը հիշեցրել է, որ արեւմտյան գործընկերները պետք է գիտակցեն կոնֆլիկտային իրավիճակներում ռիսկի ծավալները։ Նա հավելել է, որ Ռուսաստանը շարունակելու է բոլոր ջանքերը գործադրել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար, քանի որ կան ցանկալի արդյունքի հասնելու բոլոր հնարավորությունները։



























