Բուլղարիայի՝«Իրավունքների եւ ազատությունների շարժում» թուրքական կուսակցության առաջնորդ Լյութվի Մեստանը Ստրասբուրգում կբողոքարկի թուրքերենով քարոզչություն տանելու համար բուլղարական իշխանությունների կողմից իրեն ներկայացված տուգանքը։
Ինչպես գրում է Dnes բուլղարական պարբերականը, Եվրախորհրդարանում «Իրավունքների եւ ազատությունների շարժման» պատգամավորները դիմել են Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսին։ Նրանց կարծիքով՝ Բուլղարիայի օրենսդրության մեջ հակասություններ կան. ԵՄ ցանկացած քաղաքացի կարող է առաջադրվել եվրախորհրդարանի պատգամավորի պաշտոնում, սակայն մայրենի լեզվով քարոզչությունն արգելված է։ «Անհասկանալի է, թե ինչ կլինի, եթե Բուլղարիայում իրենց թեկնածությունն առաջադրեն ոչ թե թուրքերը, այլ ծագումով անգլիացի կամ գերմանացի քաղաքացիները , որոնք բուլղարերեն չգիտեն։ Այդ դեպքում կամ նրանց պետք է տուգանեն, կամ էլ նրանք պետք է լուռ քարոզչություն տանեն»,- հայտարարել է Մեստանը։
Նշենք որ Թուրքիայում արգելվում է նախընտրական քարոզչությունը տանել ազգային փոքրամասնությունների լեզվով։ 2014թ. նախագահական ընտրություններիւ ժամանակ արգելված էր նաեւ քրդերենը։ Նման զուգահեռներ թուրք պատգամավորը իր ելույթում չի անցկացրել։




























