Հայաստանում ԱՄՆ վարած քաղաքականության նպատակը պարզ է. տեսնել հարեւանների հետ խաղաղ ապրող ազատ եւ բարգավաճ Հայաստան։ Այ մասին փետրվարի 6-ին Վաշինգտոնում երդմնակալության պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Միլզը։
«Այդ նպատակին հասնելու համար առաջնահերթ մենք պատրաստվում ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը եւ հայ ժողովրդին՝ Հայաստանում ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն ապահովելու, տնտեսության ազատականացման եւ մի շարք գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ առեւտրի ընդլայնման համար»,- հայտարարել է Միլզը։
Նրա խոսքով՝ իբրեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան՝ նա ձգտում է ոչ թե նյութական արժեքներ ձեռք բերել, այլ հայերից սովորել, թե ինչպես հայ ժողովուրդը կարողացավ վերածնվել ապրած ողբերգությունից հետո, ինչպես նաեւ դասեր քաղել Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում գտնվող հայկական հարուստ մշակույթից։ «Ես հուսով եմ օգտակար լինել Ամերիկայի ազգային շահերին, որին մենք կհասնենք ընդհանուր ժողովրդավարական արժեքների հիման վրա հայ ժողովրդին ազատ, բարգավաճ եւ ապահով ապագա կառուցելու հարցում օգնություն ցուցաբերելու միջոցով»,- հայտարարել է նա։
Ռիչարդ Միլզը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին, իր գործընկերներին եւ իր ընտանիքին՝ չմոռանալով հիշատակել հայոց լեզվի իր ուսուցչի անունը, որը նրան դասավանդել է մի քանի ամիս։





























