Արցախյան պատերազմի մասին «Թեւանիկ» գեղարվեստական ֆիլմը տարեսկզբից ցուցադրվել է ԱՄՆ տարբեր քաղաքներում, իսկ ժապավենի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Հայաստանից մեկնել է ԱՄՆ՝ ցուցադրություններին ելույթ ունենալու համար:

Ըստ «The Armenian Mirror-Spectator»-ի, ֆիլմը ցուցադրվել է Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Նյու Ջերսիում, Վաշինգտոնում եւ Բոստոնում, տեղի հովանավորների աջակցությամբ:

Բոստոնում ցուցադրությունը կազմակերպել է Սայաթ-Նովայի անվան պարային համույթը. «West Newton» դահլիճը լեփ-լեցուն է եղել: Ցուցադրությունից առաջ համույթի տնօրեն Ափո Աշճյանը շնորհակալություն է հայտնել հավաքվածներին աջակցության համար:

«Ես այս ֆիլմն արդեն տեսել եմ երեք կամ չորս անգամ, բայց ամեն անգամ այն դիտելիս ինչ-որ նոր բան եմ ինձ հետ տանում: Հենց նման իմաստալից ֆիլմերն են մեր համայնքին հույս, ուժ եւ կամք տալիս՝ անելու այն, ինչ բոլորս ամեն օր անում ենք»,- ասել է նա: