Բուլղարիայի թուրքական «Հանուն իրավունքի եւ ազատության» կուսակցության պատգամավորները չեն կարողացել իրենց բուլղարացի գործընկերներին համոզել, որ հարկավոր է երկրի թուրքերին վերադարձնել իրենց նախկին անունները, որոնք 1980-ականներին վարչական կարգով փոխարինվել են բուլղարական անուններով:

«Այս օրինագիծը ոչ թե բաժանման, այլ հաշտեցման համար է: Եթե Մեհմեդ Կարահյուսեինով անունով բանաստեղծ կա, պետք չէ նրան Մետոդի Աքսյոնով կոչել, ահա եւ վերջ: Մենք վրեժխնդրության չենք ձգտում: Պարզապես բազմաթիվ բուլղարական քաղաքացիներ կան՝ չվերականգնված անուններով: Այդ խոցն այսօր էլ կա»,- հայտարարել է թուրքական կուսակցության առաջնորդ Լյուտվի Մեստան:

Բայց բուլղարացի օրենսդիրներին նրանց փաստարկները չեն համոզել: «Բավական է հիստերիա բարձրացնել վերանվանման շուրջ, բավական է միակողմանի մոտեցում դրսեւորել եւ խեղաթյուրել ճշմարտությունը»,- հայտարարել է Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ստոյան Միրչեւը: «Օ, անխոհեմ աղա: Ինչո՞ւ ես քեզ վարկաբեկում: Ինչո՞ւ ես քեզ օտարերկրյա գործակալ ներկայացնում»,- Լյուտվի Մեստանին ասել է Բարեփոխումների բլոկի պատգամավոր Գրոզդան Կարաջովը:

Նշենք, որ Թուրքիայի ազգային փոքրամասնությունները ստիպված են միայն թուրքական ազգանուններ կրել: Այդ փաստի մասին Մեստանը լռել է:

Հիշեցնենք, որ 1970-ականներին Բուլղարիան չեղյալ է հայտարարել բուլղարական թուրքերի համար թուրքերենի պարտադիր ուսուցումը, իսկ 1980-ականներին վարչական կարգով սկսել են փոխել նրանց անուններն ու ազգանունները՝ բուլղարերենի հնչողությանը համապատասխան: Հիմնական նպատակն Օսմանյան կայսրության ժամանակ թրքացված բուլղարացիներին սլավոնական արմատներին վերադարձնելն էր (այստեղից էլ՝ արշավի «Վերածնունդ» անվանումը):