Բերձորի դեպքերի հետ կապված Արցախ մեկնած Ազգային ժողովի պատգամավորների խումբը այսօր՝ փետրվարի 7-ին, արդեն վերադառնում է Երեւան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ հանդիպումներ են ունեցել Արցախի խորհրդարանի նախագահի, բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ, երկար հանդիպում-քննարկում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, զրուցել են տեղի ունեցածի շուրջ: Իսկ թե ինչ են զրուցել, ինչ տեղեկություններ են ստացել Արցախում, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ այդ հարցին կանդրադառնան վերադարձից հետո:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորների խումբը ԼՂՀ է մեկնել փետրվարի 6-ին։ Հայ խորհրդարանականները, ինչպես արդեն հայտնել ենք, իրենց գործընկերների հետ քննարկելու են օրերս Բերձորում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր։  ՀԱԿ-ը հայտարարել է, որ չեն մեկնելու, քանի որ իմաստ չեն տեսնում դրանում։ ԲՀԿ-ն դեռ չի հստակեցրել, թե ով է լինելու պատվիրակության կազմում,

Պատվիրակության կազմում ընդգրկվել էին ՀՀԿ-ից՝ Արտակ Զաքարյանը եւ Կորյուն Նահապետյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը, ՕԵԿ-ից` Իշխան Խաչատրյանը, ՀՅԴ-ից` Միքայել Մանուկյանը, ՀԱԿ-ից՝  Նիկոլ Փաշինյանը, ով նման պատվիրակություն ձեւավորելու առաջարկի հեղինակն է:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: Նշենք, որ նրանք Արցախ էին մեկնել «Ցեղասպանության 100-րդ տարելիցն առանց ռեժիմի» կարգախոսով: