Մյունխենում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 6-ին հանդիպեց իր նորվեգացի գործընկերոջը՝ Բորգե Բրենդեին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի եւ Նորվեգիայի արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին` երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի կապակցությամբ, եւ պայմանավորվեցին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ դրանց առավել զարգացման ուղղությամբ։

Նախարարները մտքեր փոխանակեցին հրատապ միջազգային խնդիրների ՝ ուկրաինական ճգնաժամի, մերձավորարեւելյան զարգացումների, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։

Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների հետ կապված հարցեր։

Գործընկերոջ խնդրանքով նախարար Նալբանդյանը պատմեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերի մասին՝ ներկայացնելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։