Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բացահայտել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ծրագրի էությունը. փաստաթուղթը նախատեսում է Դոնբասում ապառազմականացված գոտու ստեղծում:

Ըստ ՌԲԿ-ի, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ապառազմականացված գոտու լայնությունը, որի շուրջ մինչեւ հիմա քննարկումներ են ընթացում, լինելու է 50-70 կմ՝ առճակատման ներկա գծից այն կողմ: Դա փաստացի նշանակում է, որ բանակը պետք է հեռանա Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի մեծ մասից:

Օլանդը նաեւ հայտարարել է Ուկրաինայի արեւելյան շրջաններին լայն ինքնավարության տրամադրելու անհրաժեշտության մասին: Նա պարզաբանել է, որ ռազմական հակամարտությունից հետո Դոնբասի բնակիչներին դյուրին չի լինի ընդհանուր կյանք վերսկսել Ուկրաինայի մյուս հատվածի հետ:

Նշենք, որ Մոսկվայում կայացած բանակցությունները Ռուսաստանը, Գերմանիան եւ Ֆրանսիան կառուցողական են անվանել՝ խոստանալով շարունակել խորհրդակցությունները՝ վերջնական համաձայնագիր կնքելու համար: