Ուկրաինայի զինված ուժերը չեն կարող հաղթել ռուսական բանակին, եւ միայն քաղաքական լուծումը կարող է վերջ դնել արյունահեղությանը: Այս մասին փետրվարի 8-ին բրիտանական Sky NEWS հեռուստաալիքով ելույթի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը:

Ըստ Reuters գործակալության, բրիտանացի նախարարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է «բռնակալի» հետ: «Այդ մարդը (Պուտինը) 21-րդ դարում զորքեր է ուղարկել միջազգային սահմաններ եւ բռնագրավել այլ երկրի տարածքը՝ գործելով ինչպես 20-րդ դարի ինչ-որ բռնակալ: Քաղաքակիրթ երկրներն իրենց այդպես չեն պահում»,- ընդգծել է Ֆիլիպ Հեմոնդը:

Նա նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիան չի պատրաստվում զենք մատակարարել Կիեւին, սակայն խոսել է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության տնտեսական պատժամիջոցների ընդլայնման մասին: ՌԲԿ-ի փոխանցմամբ, բրիտանացի նախարարը վստահություն է հայտնել, որ տնտեսական անկումը Ռուսաստանին կստիպի «դադարեցնել վրդովվեցուցիչ արտասահմանյան արկածները»: Հեմոնդը նաեւ Մոսկվայից պահանջել է հրաժարվել Ղրիմից: