Անվտանգության հարցերով Մյունխենի 51-րդ համաժողովի շրջանակում այս տարի ավելի քան 750 հանդիպում է կայացել՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Այս մասին փետրվարի 8-ին համաժողովի փակման ժամանակ հայտարարել է ֆորումի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, նա փաստել է, որ համաժողովը հետաքրքիր եւ լուրջ էր: Դիվանագետի կարծիքով, ֆորումը «բացահայտ ցույց տվեց, որ կարող է իր ներդրումն ունենալ՝ հարթակ դառնալով կարծիքների առավել ինտենսիվ փոխանակման համար»: Իշինգերը նշել է, որ, իր կարծիքով, «օգտակար կլիներ, եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ Ռուսաստանը միատեղվեին եւ կանոններ հաստատեին, որոնք կնպաստեին վտանգավոր միջադեպերից խուսափելուն»:
«Մենք այլ ընտրություն չունենք, քան անվտանգության եվրոպական ճարտարապետության կառուցման ուղղությամբ ուշադրությունը կենտրոնացնելը»,- ընդգծել է դիվանագետը: Իշինգերը տեղեկացրել է, որ Մյունխենի համաժողովի ղեկավարությունը որոշել է Էվալդ ֆոն Կլյաստի պարգեւն այս տարի հանձնել ԵԱՀԿ-ին: Անցյալ տարի այն ստացել էին Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը եւ Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկեր դ՛Էդտենը:
Գերմանացի դիվանագետը նաեւ նշել է, որ հունիսին Վիեննայում ԵԱՀԿ գրասենյակում անցկացվելու է Մյունխենի համաժողովի խորհրդի նիստը: Իշինգերն ընդգծել է, որ հայտարարված 400 մասնակիցների փոխարեն, ֆորումին շուրջ 500 մասնակից է եղել:
Անվտանգության հարցերով Մյունխենի հաջորդ համաժողովը նախանշված է 2016 թվականի փետրվարի 12-14-ին:





























