Իտալացի դաշնակահար Անտոնիո Գոնսալեսին ուղղակի հասցրին նյարդային ցնցման։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողներին հայտարարեց Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմադրիչ Մարինա Սարգսյանը՝ մեկնաբանելով փետրվարի 5-ին Երեւանում դաշնակահարի չկայացած համերգը։

Նրա խոսքով՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում է Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ Փորձերի ժամանակ նա դաշնակահարի հետ իրեն ծայրահեղ  գոռոզ էր պահում։ «Կա չգրված օրենք։ Եթե մեկը, եւ հատկապես հանրահայտ մեկը, ժամանում է հյուրախաղերի, այդ դեպքում ինքն է որոշում, թե ինչ տեմպ վերցնի եւ շեշտադրումներ կատարի։ Դուրգարյանը ամեն ինչ հակառակն արեց։ Գոնսալեսը դրան ոչինչ չպատասխանեց։ Դուրգարյանը պահաջեց Ռախմանինովի  Երկրորդ համերգն ամբողջությամբ նվագել։  Դաշնակահարը եւ դրան համաձայնվեց։ Եվ ահա գլխավոր փորձի ժամանակ Դուրգարյանը խելահեղ տեմպեր է վերցնում։ Ընդ որում, թեքվելով մենակատարին մեջքով, պարզապես փայտիկը նրա կողմն է շարժում։

Գոնսալեսը մի քանի անգամ կրկնեց, որ նման տեմպով դաշնամուրային պարտիա նվագել հնարավոր չէ։ Փորձի ավարտին Գոնսալեսը սրահը լքեց ամբողջովին սպիտակ, կապտած շուրթերով, գրեթե նախաինֆարկտային վիճակում։ Համերգին նա չէր կարող այդպես նվագել։ Երբ Գոնսալեսը նյարդային վիճակում ասաց, որ այդպես չի կարող նվագել, Դուրգարյանը պատասխանեց. «Այ արտիստ, յու արտիստ, օլ ռայթ։ Այսպես էլ է լինում»։ Դա հանդգնության եւ անամոթության գագաթնակետն էր»,- հայտարարեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հավանաբար երկու ամիս անց Գոնսալեսը համերգ կտա Հայաստանում,սակայն արդեն ոչ Օպերային թատրոնում։ «Կարծում եմ, կատարվածից հետո նա Դուրգարյանին մոտ գնալ անգամ չի  ցանկանա»,- հավելեց Սարգսյանը։