ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ փետրվարի 9-ին, ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը եւ նրան ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում տեղի ունեցող զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:
Սեյրան Օհանյանը զրուցակցին ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով տարեսկզբից ի վեր լարվածության կտրուկ աճի եւ միջազգային հանրության կողմից ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները զսպելու անհրաժեշտության վրա: ՀՀ պաշտպանության նախարարը նաեւ վերահաստատեց հակամարտող կողմերի միջեւ շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման կորեւորությունը:
Մտահոգության հայտնելով առաջնագծում տեղի ունեցող պատահարների հաճախակիացման կապակցությամբ, Հերբերթ Սալբերն իր հերթին նշեց, որ Եվրամիությունը ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը եւ պատրաստ է հնարավորության սահմաններում ներդրում կատարել այս ձեւաչափով բանակցային գործընթացում:





























