«Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագծի քննարկումը 1 տարով հետաձգվել է, քանի որ համապատասխան հետազոտությունները դեռեւս կատարված չեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Հանրային առողջապահական խնդիրների դեպքում՝ հատկապես սակավարյունության, ալյուրի ֆորտիֆիկացիան պրոբլեմի լուծումներից մեկն է, եւ արվում է, երբ բնակչության մեջ հիվանդության բարձր ռիսկ կա, իսկ մենք չգիտենք՝ մեր երկրում նման բան կա, թե ոչ: Իրականում նման հետազոտություն դեռեւս չի էլ արվել: Գործընթացի թափանցիկություն է պետք ապահովել իրական թվերի տեսքով եւ փորձել գտնել այլ լուծումներ, քանի որ հարստացումը լուծումներից մեկն է»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

ՀՀ Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, սակայն, պնդում է, որ Հայաստանում եւ աշխարհում բազմաթիվ հիվանդությունների պատճառն օրգանիզմում ցինկի, երկաթի եւ ֆոլաթթվի պակասն է, որը կարող է լուծվել ցորենի ալյուրը այդ նյութերով արհեստականորեն հարստացնելու դեպքում:

«Շատ զարգացած երկրներ ալյուրը հարստացնում են եւ այդ երկրներում մոնիտորինգները դրական արդյունքների մասին են փաստում»,- ասաց Կարինե Սարիբեկյանը:

Կենսաբան Աշոտ Կարապետյանի խոսքով՝ մեր երկրում ցորենի ալյուրի հարստացման կարիք չկա, քանի որ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այդ օրենքը տեղին է ընդունել, երբ ողջ բնակչության կտրվածքով սակավարյունությունը հասնում է 20-40%-ի:

«Հայաստանում առայժմ ողջ բնակչության մեջ անեմիայի առկայության վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան: Հայտնի են որոշակի թիրախային խմբերի՝ հատկապես հղի կանանց մասին տվյալներ, բայց այդ տվյալները հենց հետազոտության հեղինակների կողմից կասկածի են ենթարկվում: Միայն հղի կանանց վերաբերյալ տվյալներով ֆորտիֆիկացում անելն անտեղի է, պետք է ամբողջ բնակչության վերաբերյալ տվյալներով առաջնորդվել»,- ասաց կենսաբանը՝ ավելացնելով, որ ալյուրի հարստացման ռիսկերը կապված են հատկապես ֆոլաթթվի հետ, քանի որ այն սինթետիկ նյութ է, բնության մեջ եւ սննդամթերքում գոյություն չունի: