2014թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ավարտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմին ստեղծելու հետ կապված աշխատանքները:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի հետ կապերի պատասխանատու Լանա Մշեցյանի փոխանցմամբ՝ այդ մարմնի նպատակն է եղել իրականացնել երկակի նշանակության ապրանքների, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքների փորձաքննություններ: «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից փաստաթղթային փորձաքննության եւ գնահատման աշխատանքների արդյունքում Հավատարմագրման խորհրդի վերջնական որոշմամբ 08.12.2014թ-ին կազմակերպությունը ստացել է հավատարմագրում երեք տարի ժամկետով, որը հավաստում է, որ վերոնշված հավատարմագրված սերտիֆիկացման մարմինը համապատասխանում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 «Համապատասխանանության գնահատում. Արտադրանքի, գործընթացների եւ ծառայությունների սերտիֆիկացման մարմիններին ներկայացվող պահանջներ»-ին եւ կարող է արտահանման վերահսկողության ոլորտում իրականացնել երկակի եւ ռազմական նշանակության ապրանքների փորձաքննություն:
Հարկ է նշել, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն փորձագիտական ոլորտում Հայաստանի Հանրապետությունում խոշորագույն բազմապրոֆիլ կառույց է եւ ներկայումս իրականացնում է դատական եւ ոչ դատական փորձաքննություններ 28 փորձագիտական տեսակների շրջանակներում արդեն իսկ շուրջ 122 փորձագիտական ենթատեսակներով եւ տեխնոլոգիական ուղղություններով:
Երկակի եւ ռազմական նշանակության ապրանքների փորձաքննության սերտիֆիկացման մարմինը ունենալով փորձառու մասնագետներ ի վիճակի է իրականացնել պատշաճ որակի փորձաքննություններ տվյալ ոլորումներում: Վերը նշված հանգամանքների համադրումը հնարավորություն է տալիս զգալիորեն արագացնել արտահանման վերահսկողության գործընթացը:
Կազմակերպությունում Երկակի եւ ռազմական նշանակության ապրանքների փորձաքննության սերտիֆիկացման մարմինը կարող է իրական օգություն ցուցաբերել հայկական եւ արտասահմանյան արտահանողներին եւ ներմուծողներին, որոնք իրականացնում են արտաքին առեւտրային գործողություններ վերահսկվող արտադրանքների հետ:





























