Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական եւ կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ քաղաքական խորհրդի որոշմամբ Կոտայքի մարզի «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի նախագահ է նշանակվել Արթուր Միսակյանը, իսկ Գեղարքունիքի մարզի «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի նախագահ՝ Գարսեւան Սաղաթելյանը:

Քաղխորհուրդը լայն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերին: Քննարկվել է Եվրոպական Ժողովրդական Կուսակցության քաղաքական համաժողովին ՕԵԿ մասնակցության հարցը եւ հանձնարարվել ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին համաժողովում ներկայացնել կուսակցության համալիր դիրքորոշումը օրակարգում քննարկվող հարցերի վերաբերյալ:

Քաղաքական խորհուրդն, ինչպես 12.12.2014թ.-ի նիստում, այնպես էլ այսօր,  անդրադարձել է վերջին ամիսներին քաղաքացիների, հասարակական ակտիվիստների, քաղաքական գործիչների, եւ փետրվարի 7-ին էլ ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կիրառված բռնության դեպքին՝ արձանագրելով.

«Օրինաց երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ: 

ՕԵԿ-ը անընդունելի է համարում, հասարակական-քաղաքական գործընթացների զարգացումները, սոցիալ-տնտեսական եւ տարրաբնույթ այլ խնդիրների հետ կապված մարդկանց արդարացի բողոքի ձայնը բռնությունների եւ ահաբեկումների միջոցով կասեցնելու փորձերը:

Միաժամանակ ՕԵԿ քաղխորհուրդը փաստում է, որ վերջին շրջանում արդեն հաճախակի կրկնվող հարձակումները քաղաքական, հասարակական գործիչների եւ ակտիվիստների վրա խիստ վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ հասարակական համերաշխության մթնոլորտի ապահովման համար:

Իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց հայտնաբերելու եւ պատժելու համար, միջոցներ ձեռնարկեն հետագայում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար: Հակառակ դեպքում երկրում կարող է ձեւավորվել անպատժելիության մթնոլորտ եւ բռնության ավանդույթ: Արտաքին մարտահրավերների, օրեցօր խորացող սոցիալ-տնտեսական բացասական միտումների պայմաններում երկրի ներսում թշնամանք ու ատելություն սերմանելու ցանկացած դրսեւորում լրջագույն սպառնալիք է հանրության եւ Հայաստանի ազգային անվտանգության համար: