Հնարավոր է, որ թղթի վրա հարկային ծառայության պահանջները շատ ճիշտ են, սակայն գործնականում դրանք բազմաթիվ խնդիրներ են առաջացնում: Այդ մասին փետրվարի 10-ին լրագրողներին հայտնեց տոնավաճառում աշխատող Գագիկ Դանիելյանը:

Նրա խոսքով, հարկային ծառայության պահանջը՝ առանց փաստաթղթաշրջանառության ձեռք բերված ապրանքների պարտադիր գույքագրման վերաբերյալ, բազմաթիվ բարդություններ է առաջացնում:

«Դա նշանակում է, որ իմ տաղավար պարտադիր պետք է գա տեսուչը: Եվ կգա ոչ թե վաղ առավոտյան՝ ինչպես հարմար է ինձ, այլ ժամը 10-ին մոտ՝ ինչպես իրեն է հարմար: Իր այցելությունը կտեւի ամենաքիչը 3-4 ժամ: Նշանակում է կես օր ես արդեն կորցնում եմ: Եվ հետո, որտե՞ղ կատարենք գույքագրումը, եթե իմ տաղավարի տարածքը կազմում է 3 քմ: Որտե՞ղ տեղավորեմ ապրանքը, որպեսզի այն չաղտոտվի: Չէ որ ես հագուստ եմ վաճառում»,- հավելեց Դանիելյանը:

«Հաջորդ խնդիրն ապրանքների գողությունն է: Իսկ հարկայինը ոչ մի դեպքում չի համաձայնվում դուրս գրել գողացված ապրանքները հաշվառումից: Հանգստյան օրերին տոնավաճառ են այցելում ավելի շատ մարդիկ, ուստի ավելանում է նաեւ գողությունների քանակը, հո չե՞մ կարող բոլորին հետեւել: Իսկ հարկայինն ասում է՝ գնել ես ավելի շատ, քան վաճառել ես: Նրա համար միեւնույն է, որ 2-3 ապրանք ուղղակի գողացել են: Այսինք, մի կողմից գողերից ենք տուժում, մյուս կողմից՝ հարկայինից»,- հավելեց Դանիելյանը: