Նոր Զելանդիայի քաղաքացի Սամուել Ֆորեսթը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել համաշխարհային լրատվամիջոցներում՝ պատմելով, թե հայ կնոջից ամուսնալուծվել է այն բանից հետո, երբ վերջինը ցանկացել է հրաժարվել դաունի սինդրոմով ծնված իրենց նորածնից, պարզվում է՝ նախկինում ամուսնացած է եղել, ունի չորս երեխա, որոնցից վերջինը՝ դուստրը, նույնպես դաունի սինդրոմով է ծնվել։
Daily Mail-ի ավստրալական ծառայության լրագրողները պարզել են նաեւ, որ Սամուելը Նոր Զելանդիայից հեռացել է մի քանի տարի առաջ, նա բնակվում էր Նոր Զելանդիայի հյուսիսում եւ բողոքական աղանդի եկեղեցու անդամ էր։ Ամուսնալուծվելուց հետո նա հեռացվել է եկեղեցուց, եւ նրան արգելել են տեսակցել երեխաներին, որոնցից ավագն այժմ 15 տարեկան է, ընդ որում, նա իր ամուսնալուծության համար մեղադրում է եկեղեցուն։
Նշենք, որ Լեոյին Նոր Զելանդիա տանելու եւ այնտեղ նրա համար արժանապատիվ կյանք ապահովելու նպատակով Սաուելի բացած հաշվեհամարին ամբողջ աշխարհից 12 օրվա ըթնացքում արդեն մոտ կես միլիոն դոլար գումար է փոխանցվել։
Հիշեցնենք, որ Լեոն ծնվել է հունվարի 21-ին Երեւանում , անմիջապես լույս աշխարհ գալուց հետո նրա մոտ ախտորոշվել է դաունի համախտանիշ։ Առաջինը այդ մասին խոսել էր Լեոյի հայրը՝ համաշխարհային լրատվամիջոցներին պատմելով, թե կինը որոշել է հրաժարվել երեխայից, իսկ ինքը՝ ոչ, ինչն էլ իրենց ամուսնալուծության պատճառ է դարձել։ Մի քանի օր լռելուց հետո երեխայի մայրը՝ Ռուզան Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դա իր համար ծանր որոշում է եղել, եւ որ ինքը դա արել է երեխայի ապագայի համար. այն, ինչ Լեոն կունենա Նոր Զելանդիայում, երբեք չէր ունենա Հայաստանում։ Սամուելն ու Լեոն դեռ Հայաստանում են։
































