Եթե կառավարությունը ցանկանում է հսկել չհաշվառված փաստաթղթաշրջանառությունը, թող ստուգի մաքսային ծառայությունը եւ ոչ թե փոքր բիզնեսը։ Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին հայտնել է «Փոքր ձեռներեցների հայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Ասլանյանը։
Նրա խոսքով՝ ստվերային փաստաթղթաշրջանառության մասին հայտարարություններն ավելի համոզիչ կհնչեին, եթե Ֆինանսների նախարարությունը ստուգումները սկսեր խնդրի ակունքներից, այսինքն՝ մաքսատնից։ «Հենց դրանից էլ պետք է սկսել։ Եթե դուք հարցեր ունեք մաքսային ծառայությանը, ապա պետք չէ դրանց պատասխանները փոքր բիզնեսից պահանջել»,- ընդգծել է Ասլանյանը։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։





























