Հայաստանի ԱԷԿ-ի համար Ռուսաստանից մատակարարվող միջուկային վառելիքը ատոմակայանի համար այլընտրանք չունի։ Այս մասին հայտարարել է ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։
«Ռուսական «Ռոսատոմ» պետական միավորման «ՏՎԷԼ» վառելիքային ընկերության հետ բազմամյա համագործակցությունը թույլ է տալիս խոսել ռուսական ընկերության մասին՝ իբրեւ հուսալի մատակարարի, որը որակով եւ նախատեսված ժամկետներում է իրականացնում պատվիրատուի առջեւ ստանձնած իր պարտավորությունները»,- նշել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ «չկան միջուկային վառելիք արտադրող այլ ընկերություններ, որոնք կարող են այլընտրանք լինել «ՏՎԷԼ» ընկերությանը»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ մենք երկար ժամանակ օգտագործում ենք ռուսական վառելիք, այլ նաեւ նրանով, որ մեր ատոմակայանի գլխավոր կոնստրուկտորը, գլխավոր նախագծողը եւ գիտական ղեկավարը եղել են ռուսական ընկերությունները։ Դա հնարավորություն է տալիս միշտ արագ եւ բարձր մակարդակով լուծել ատոմակայանի անվտանգ շահագործման հետ կապված հարցերը»,- նշել է տնօրենը։
Վարդանյանը նաեւ հավելել է, որ միջուկային վառելիքի մատակարարման մասին նախկինում ստորագրված փաստաթղթերը «մեր ընկերությունների համագործակցության համար լավ հեռանկարներ են ստեղծում»։





























