«Քաղաքացիական պայմանագրի» անդամները չեն մասնակցելու մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ քաղպայմանագիրն ունի իր օրակարգը եւ հետեւելու է այդ օրակարգին: Նրանք այդ օրը կայցելեն Մյասնիկյան արձանի մոտ՝ հարգելու զոհերի հիշատակը եւ ծաղիկներ դնելու:
Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ մարտի 1-ի թեման իրենց գործունեության առանցքային կետերից է, մարտի 1-ի քաղաքական եւ քրեական պատասխանատուների բացահայտմանը հասնելու հարցը դրված է նաեւ քաղպայմանագրի հիմնարար փաստաթղթում: Նա նաեւ հիշեցրեց, որ վերջերս Նիկոլ Փաշինյանի Աժ-ում ներկայացրած իմպիչմենտի օրինագծում առաջին կետը վերաբերում էր մարտի 1-ի հիմնական պատասխանատու Սերժ Սարգսյանին պատասխանատվության կանչելուն:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներն են՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:





























