Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ 2014թ.-ի հունվարի 13-ին տեղափոխված ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Խլղաթյանը պնդում է, որ որեւէ բան չի հիշում:

Ամիսներ շարունակ նիստերին մասնակցելուց հրաժարվող Մհեր Խլղաթյանն ապրիլի 1-ին վերջապես Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է եկել եւ ցուցմունք տվել:

«Մհեր Խլղաթյանը հայտարարեց, որ ընդհանրապես ոչինչ չի հիշում: Նիստին մայրն էլ էր եկել, որ մի քիչ բորբոքված էր եւ հայտարարեց, որ եկել է դատարանից ինչ-որ բան իմանալու, քանի որ չգիտի, թե իրականում իր որդու հետ ինչ է տեղի ունեցել»,- NEWS.am-ին ասաց գործով կալանավորված բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Նա հայտնեց, որ ապրիլի 22-ից սկսվում է ճառերի փուլը. մեղադրական ճառով հանդես կգա գործով դատախազը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:

Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը կալանավորվել էր հունվարի 17-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը): Զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը կալանավորվել էին հունվարի 18-ին, նրանց մեղադրանք էր առաջադրվել 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով: