«Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի հարցը ավելի ու ավելի է վերածվում լուրջ քաղաքական խնդրի՝ միջազգային հանրության շրջանում ստեղծելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հերթական պատրանքը»,-գրում է թերթի վերլուծաբանը՝ շարունակելով. «Քանի որ անցյալում նման պատրանքներն առարկայանալու ժամկետները ճշգրտորեն համապատասխանել են Անկարային սպառնացող հերթական վտանգի պահին, տպավորությունն այնպիսին է, որ այս անգամ էլ Թուրքիան հրաշալի հաշվարկել է իր քայլերը: Ավելին՝ երեւում է, որ Արեւմուտքն ու Թուրքիան հերթական անգամ էլ բաշխել են դերերն իրար միջեւ: Քանզի երբ ԱՄՆ-ում կամ որեւէ այլ երկրում սկսում են խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին, Թուրքիան գործի է դնում իր հերթական «բարի ժեստը»,  իսկ երբ սպառնալիքը վերանում է՝ նորից շարունակում է հին քաղաքականությունը:

«Աղթամարի Սուրբ Խաչը գերության մեջ պահվող տաճար է՝ մի յուրահատուկ պատանդ, որի միջոցով հանցագործություն կատարած Թուրքիան շեղում է միջազգային կարծիքը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից, իսկ մենք էլ մեր կուրությամբ նպաստում ենք դրան: Շուտով նման պատանդների թիվն ավելանալու է. գալիք նոյեմբերին հերթի է դրվելու նաեւ Կեսարիայի եկեղեցին, մինչդեռ Մեծ եղեռնի հետեւանքով կորցրել ենք նմանօրինակ 2500 եկեղեցի ու վանք:

Ուրեմն ինչ՝ գնում ենք շնորհակալությու՞ն հայտնենք հանցագործին, որ յուրաքանչյուր 1000 տաճարից մեկը խնայել է՝ հետագայում օգտագործելու որպես պատանդ: Թե՞ գնում ենք աղոթելու այդպես էլ անթաղ մնացած Մեծ եղեռնի նահատակների հոգիների համար: Բայց մի՞թե նրանք դա են սպասում մեզանից...

Ավելին՝ ազատության գաղափարի իրական հիմնաքարը հանդիսացող քրիստոնեական վարդապետությունն արդյոք ընդունո՞ւմ է նման տարօրինակ, նույնիսկ սրբապիղծ ինքնախաբեություն: Եվ մի՞թե գերված տաճարում հնչեցվելիք աղոթքը կարող է հասնել Տիրոջը...»: