ՀՀ ԱԺ խոսնակ գալուստ Սահակյանին չեն հուզում ոչ գովեստները, ոչ քննադատությունը՝ կապված Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակի հետ իր հանդիպման հետ: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Երեւանում իր եւ Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հանդիպումը:
«Ես չեմ պաշտպանում նրանց, որոնք փորձում են պիտակավորել կամ նրանց, որոնք փորձում են հակառակն անել՝ գովաբանել: Անիմաստ խոսակցություններն իրենց հետեւանքներով ինձ չեն հուզում: Մնացածը ցույց կտա ժամանակը եւ արդեն ցույց է տվել, որ քաղաքական նպատակներով կարելի է հարվածել եւ ինձ, եւ ինչ-որ կերպ այդ փաստն օգտագործել Վրաստանում»,-ասել է Սահակյանը:
Հարցին, թե եթե հանդիպումը ոչ պաշտոնական է եղել, ինչպես պարզաբանել է հայկական կողմը, ինչու են այդ հանդիպումից լուսանկարներ տպագրվել, Գալուստ Սահակյանը ժպիտով պատասխանել է. «Մենք լուսանկարվել ենք, որովհետեւ ես նրա հետ չեմ հանդիպել գաղտնի տեղերում, ինչպես ձեզ, կարող է, ցանկալի լիներ»:





























