Հայաստանի կառավարությունն այսօր կայացած նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված «Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որով նախատեսված է վերակառուցել ջրամատակարարման ցանցը, ճնշման պոմպերը եւ բնակարաններում առանձին միացումները փոխարինելու միջոցով բարելավել մայրաքաղաքի ջրամատակարարումը:

Մասնավորապես, ՎԶԵԲ-ը մինչեւ 2028 թվականը հատկացնելու է 7 մլն եվրո, իսկ Եվրոպական ներդրումային բանկը՝ 5,2 մլն եվրո։ Նույն նպատակով հատկացվելու է Եվրահանձնաժողովի 5,5 մլն եվրո գրանտը։ Նախագիծը ենթադրում է 30 նոր բակային պոմպերի շինարարություն, մոտ 150 կմ ցանցի վերանորոգումը, 22 կմ բնակարաններում առանձին միացումների իրականացում։

Հաշվի առնելով, որ համաձայնագրով ծրագրի իրականացման գրասենյակի պահպանման ծախսի ֆինանսավորում նախատեսված չէ, ՀՀ կառավարությունը որոշել է կառավարության անունից ծրագրով նախատեսված աշխատանքի պատվիրատուի գործառույթը պատվիրակել «Երեւանջուր» ՓԲԸ-ին: