Թեպետ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանում անցկացվելիք զորավարժություններին Թուրքիայի մասնակցությունը դեռեւս հաստատված չէ, սակայն չի բացառվում, որ հայ-թուրքական սահմանը զորավարժությունների ժամանակ կարող է բացվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը։
Նրա խոսքով, նման փոքր միջոցառումներ հնարավոր են, սակայն այսօրինակ նախադեպերը չեն կարող խոսել սահմանի վերջնական բացման մասին։ «Սա, կարելի է ասել, ընդհանուր շրջանակի մեջ մտնող գործողություն է, եւ կարող է տեղավորվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քարոզչության դաշտում»,- նշեց ՀՅԴ պատգամավորը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր հերթին ավելացրեց, որ անկախ նրանից, թե ինչ ուսումնասիրություններ կիրականացվեն հայ-թուրքական սահմանի ճանապարհային հատվածներում, միեւնույնն է, մոտակա ժամանակներում սահմանի բացում չպետք է ակնկալել։ «Հայ-թուրքական սահմանի վերջնական բացման հնարավորություն դեռեւս չենք տեսնում։ Միայն զորավարժություններին մասնակցելու նպատակով սահմանի կարճաժամկետ բացումը խնդրի լուծում չէ»,- ամփոփեց Արմեն Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ թուրքական Իգդիր նահանգի նահանգապետի հանձնարարությամբ՝ հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ճանապարհային հատվածների ուսումնասիրություններ են կատարվում: Կարծիքներ կան, որ միջոցառումներն իրականացվում են սեպտեմբերի 11-ից 17-ը Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Թուրքիայի մասնակցությունն ապահովելու նպատակով։




























