Հայտնի է դարձել, որ հայ-թուրքական սահմանում ճանապարհային հատվածների ուսումնասիրություն է կատարվում: Էրզրումի շրջանի ճանապարհային վարչության փորձագետները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ընկած ճանապարհի հատվածն ուսումնասիրում են Իդգիրի նահանգապետի հանձնարարությամբ:
Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, հետազոտությունները կիրականացվեն Ալիջանի անցագրային կետի բուֆերային գոտու եւ սահմանի վրա գտնվող կամրջի միջեւ ընկած 6 կմ-անոց հատվածում: Կատարված աշխատանքի մասին զեկույցը Իգդիրի նահանգապետին կներկայացվի մոտ օրերս:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, արդեն մի քանի ամիս է, չեն դադարում վեճերը, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ կբացվի հայ-թուրքական սահմանը: Զորավարժությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 11-17-ը` Կոտայքի մարզում:
Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները, չնայած պաշտոնական Անկարայի հայտարարություններին (Թուրքիայի ԱԳ նախարարի եւ Բաքվում Թուրքիայի դեսպանի), վստահ են, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ սահմանը կբացվի: Հայտնի է նաեւ, որ այդ զորավարժություններին կմասնակցի երեք մարդ նաեւ Թուրքիայից:
Սահմանի հնարավոր կարճատեւ բացման շուրջ վերջերս շրջանառվող լուրերը արդեն նորություն չեն։ Սակայն սա մի՞թե միայն քարոզչական հնարք է Թուրքիայի կողմից։ Այս առումով ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ այդ զորավարժություններին թուրքական կողմից մասնակցելու է ընդամենը 3 հոգի։ Հայտնի է, որ ճանապարհը կարգավորում են հիմնականում, որպեսզի նրանով տեխնիկա կամ տրանսպորտային միջոց անցնի, ոչ թե մարդ։ Հատկանշական է նաեւ այն, որ թուրքական կողմից սահմանի բացման խոսակցությունները սկսեցին շրջանառվել Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի հանդեպ աննախադեպ ագրեսիվ կեցվածք որդեգրելուն զուգահեռ, ու անմիջապես էլ թուրքական ԶԼՄ-ները լուրեր տարածեցին, թե զորավարժությունների համար տեխնիկա են ուզում բերել։ Միեւնույն ժամանակ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների բերանով 100 տոկոսանոց հավաստիացումներ հնչեցին Ադրբեջանի շահերին հավատարիմ մնալու առումով։ Հարց է առաջանում, հապա ի՞նչ նպատակ են հետապնդում թուրքական կողմի նման նախապատրաստությունները, որոնք արդեն ոչ թե ասեկոսեներ, այլ ռեալ քայլեր են։ Ինչ են ուզում տեղափոխել նրանք Հայաստան։ Երեք հոգի անցկացնելու համար սահման չեն բացում, երեք հոգու համար տեխնիկա չեն բերում։ Իսկ Հայաստանին որոշ մարդկանց պատկերացրած «սյուրպրիզը»՝ սահմանի լիարժեք բացման տեսքով, Թուրքիան հաստատ չի անի, մենք քանիցս դրանում համոզվել ենք։ Եթե անի էլ՝ միայն հեռագնա չար մտքերով է լինելու։




























