Սիրիայում արդեն 4 տարի շարունակվող հակամարտության պատճառով Հայաստանում ապաստանած սիրիահայերին ամենահուզող ու առաջնահերթ խնդիրը կեցության հարցն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Խաչիկ Ջոզիկյանը։ Նրա խոսքով՝ սիրիահայերի մեծ մասը Երևանում իրենց տները վարձակալում է և  դժվարությամբ է վարձը վճարում. «Այժմ Հայաստանում գտնվող  1500 սիրիահայ ընտանիք շատ վատ վիճակում է ապրում և բնակարանի կարիք ունի»:

Ըստ Ջոզիկյանի` ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած՝ Աշտարակ քաղաքում կառուցվող 488 սիրիահայի կացարանային հարցը լուծող «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցումը ընդհատվեց, քանի որ թե շինարարության վայրը, թե ծրագրի պայմանները լավը չէին, մինչդեռ եթե այդ ծրագիրը Երևանում իրագործվեր` հաջողություն կունենար։

«Հսկա ծրագիր էր, մոտավորապես 35 միլիոն դրամի հասնող: Հիմնական խնդիրն այն էր, որ այդ թաղամասը գտնվում էր Աշտարակում, սակայն, քանի որ աշխատատեղերի մեծ մասը Երևանում է, սիրիահայերը ստիպված պետք է ամեն օր սեփական մեքենաներով գնային աշխատանքի: Բացի այդ, նյութական հարց էլ կար, սիրիահայերը պարտավոր էին 2-3 տարվա ընթացքում վճարել մոտավորապես 35.000 դոլար, որն իրենք չունեին, իսկ եթե ունենային էլ, ապա այդ գումարով Երևանում տուն կգնեին»,-ասաց Ջոզիկյանը:

Հայաստանում սիրիահայերին հուզող երկրորդ խնդիրը աշխատանքի հարցն է։ Ըստ Ջոզիկյանի` սիրիահայերին դժվարությամբ է հաջողվում աշխատանք գտնել երկու պատճառով` աշխատատեղերի պակասի և լեզվին լավ չտիրապետելու։

«Կան սիրիահայեր, որոնք հնարավորություն ունեն սեփական բիզնեսն սկսելու, սակայն Հայաստանի պարագայում մի քիչ դժվար է ստեղծել սեփական բիզնեսն ու զարգացնել այն, պետք է լինի շուկա, որտեղ հնարավոր կլինի իրացնել ապրանքը, իմ կարծիքով, սա ոչ միայն սիրիահայերին հուզող խնդիր է, նաև տեղաբնակներին»,-ասաց նա:

Ջոզիկյանի խոսքով` ՀՀ Սփյուռքի նախարարությունն ավելի հոգատար պետք է լինի սիրիահայերի նկատմամբ, որպեսզի նրանք Հայաստանից հեռանալու որոշում չկայացնեն. «Սիրիահայերի համար ամենառաջին ապաստանը Հայաստանն էր, սակայն, եթե չեն կարողանում այստեղ իրենց օրվա հացի փողը վաստակել, ստիպված պետք է թողնեն  ու հեռանան, բայց մենք բոլորս էլ ուզում ենք մնալ և ապրել մեր հայրենիքում: Չնայած, սիրիահայ երեխաները գնալով ինտեգրվում են, և եթե նրանց ծնողներն ուզենան հեռանալ Հայաստանից, իմ կարծիքով, երիտասարդ սերունդը կմնա»,-ասաց նա: