Էլեկտրաէներգիայի թանկացումը կխթանի առանց այդ էլ ահռելի չափերի հասնող արտագաղթը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նա նշեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքները տխուր են լինելու: Այսօր անգամ պաշտոնական տվյալներով ամրագրված է, որ Հայաստանում առկա է աղքատության բարձր մակարդակ, մարդկանց մեծ մասը ի զորու չի անգամ առաջնահերթ եւ անհետաձգելի խնդիրները լուծել, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի, գազի սպառում: «Դրանք այնպիսի երեւույթներ են, որոնցից մարդկությունը չի կարող հրաժարվել, ստիպված է օգտագործել: Էներգիայի թանկացումը ստեղծելու է մեծ անհարմարություններ բնակչության շրջանում»,-ասաց Վարդան Բոստանջյանը:
Նա շեշտեց, որ գազամատակարարման եւ էլեկտրաէներգիայի համակարգն ունի արդիականացման կարիք, մենք այսօր չունենք արդյունավետ համակարգ, պետք է այն դարձնել ժամանակակից, ինչը ինժեներական բարդ կառույց է, անհրաժեշտ են ֆինանսներ: Բայց մյուս կողմից էլ հարց է առաջանում՝ նախկինում այդ համակարգ ուղղված գումարները ինչ են արվել, դրանք կամ փոշիացվել են կամ էլ լավ չեն օգտագործվել, պետք է պատասխանատվության կանչել նրանց, ովքեր մսխել են այդ գումարներ: «Մենք հայտնվել ենք կոտրված տաշտակի առաջ, կարծես ուրիշ լուծումներ չունենք, չնայած թանկացումը հղի է հետեւանքներով, սուղ եկանուտների, ցածր վարձատրության պարագայում էներգիայի բարձրացումը բերելու է վատ հետեւանքների: Մյուս կողմից էլ՝ զուտ տնտեսական դիտակետից՝ նման համակարգ ունենալը վտանգավոր է, մենք ունենք էներգետիկ անվտանգության խնդիր»,-ասաց տնտեսագետը: Նա հնարավոր է համարում, որ էներգիայի թանկացման դեպքում երկրում կարող է իրավիճակը անվերահսկելի դառնալ: Միանշանակ է նաեւ, որ դա կխթանի առանց այդ էլ ահռելի չափերի հասնող արտագաղթը:





























