Գառնի գյուղում «Նիվա» մակնշի մեքենայի գազի բալոնը պայթելու պատճառով մահացած երիտասարդը բենզալցակայանի աշխատակիցն է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Գառնի բժշկական կենտրոնից:

Երիտասարդը, որը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, 27-ամյա Ռոման Սիմոնյանն է: Պայթյունի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել նաեւ «Նիվայի» վարորդը՝ 56-ամյա Նորիկ Հարությունյանը: Նա բուժօգնություն է ստացել, վիճակը լավ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գառնի գյուղում այսօր՝ մայիսի 14-ին, մեքենա է պայթել, կա մեկ զոհ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էր  Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը:

Նա նշեց, որ «Նիվա» մակնիշի մեքենան լիցքավորվելիս է եղել, որի ավարտին գազի բալոնը պայթել է եւ իրենց համագյուղացին տեղում մահացել է: «Երիտասարդ տղա է մահացողը, մի ոսկի անձնավորություն, արտակարգ մարդ, նմանը չկար Գառնիում»,-ասել էր գյուղապետը՝ հավելելով, որ մահացողն ամուսնացած չէր: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ մեքենայի լիցքավորման պահին պայթել է գազի բալոնը, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Հանգամանքները պարզվում են: