Մարտի վերջի դրությամբ, բանկերում բնակչության ավանդների մնացորդները կազմել են 881.9 մլրդ դրամ՝ տարեկան կտրվածքով ավելանալով գրեթե 73.4 մլրդ դրամով (կամ 9.1%-ով): Միաժամանակ, դրամով ավանդները կրճատվել են «խորհրդանշական» 87 մլն դրամով, իսկ ահա արտարժույթով ավանդներն աճել են 73.5 մլրդ դրամով (13.3%-ով):

Հաշվի առնենք, որ արտարժույթով ավանդները դրամով վերահաշվարկելու ժամանակ օգտագործվում է ընթացիկ փոխարժեքը: Մարտին Հայաստանում ԱՄՆ դոլարը տարեկան կտրվածքով ամրապնդվել է 15.3%-ով: Եվրոյի մասով ճիշտ հակառակ իրավիճակն է. համաեվրոպական արժույթի փոխարժեքը Հայաստանում 6.0%-ով անկում է ապրել: Այսպիսով, արտարժույթով ավանդների ցուցանիշում, դրամով հաշվարկելու դեպքում, երկու տարբեր գործոն կա:

Կոնկրետ արտարժույթով ավանդների մնացորդների մասին տվյալներ չկան (դրան գումարային արտացոլված են միայն դրամով): Միայն տեղեկություն կա ամսվա կտրվածքով խնայողությունների հոսքի մասին: Այսպես, հունվար-մարտին դոլարով խնայողությունների հոսքը հասել է գրեթե 351.8 մլն դոլարի, իսկ եվրոյով՝ 28.9 մլն-ի:

Դոլարով խնայողությունների երկարատեւությամբ գերակշռում են 1-ից մինչեւ 5 տարի ժամկետով ավանդները: Նշենք, որ այս շարքին են դասվում նաեւ 366 օր ժամկետով ավանդները: Մեկ տարվա կտրվածքով ավանդներից տարբերությունն ընդամենը 1 օր է, իսկ տոկոսները փոքր-ինչ բարձր են: Գաղտնիք չէ, որ ներկայում ավելի շահեկան է դոլարով խնայողություններ ունենալը:

Այսպես, անցյալ տարվա մարտին 1 տարուց ավելի ժամկետով ավանդների առավելագույն տարեկան տոկոսադրույքը կազմել է 10%: Դրան գումարենք դոլարի ամրապնդման տոկոսը եւ ավելի քան 25%-ի չափով գերշահույթ կունենանք: Նույնիսկ հաշվի առնելով գնաճը (ապրիլին՝ 5%), մեկ հինգերորդով գումարի աճը կարելի է կապիտալի մեծացման ոչ վատ տարբերակ համարել: Եթե, իհարկե, կապիտալ ունեք:

Չնայած դրամով խնայողությունների պարագայում տարեկան տոկոսադրույքն ավելի բարձր է, քան արտարժույթով, դոլարի ամրապնդման գործոնը բացասաբար է ազդել դրանց դինամիկայի վրա: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ազգային արժույթով ավանդներն աճի տեմպերով գերազանցում էին «արտարժույթով» խնայողություններին: