Լոս Անջելեսի կենտրոնական զբոսայգում բացվել է կալիֆորնիական Նորթրիջի համալսարանի լուսանկարչության դասախոս Լեւոն Պարյանի՝ «iwitness» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների՝ 2.5-4.5 մետր բարձրությամբ լուսանկարչական քանդակներ: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ մայիսի վերջ:

Ըստ «SCV News»-ի, 24 քանդակները ներկայացված են լաբիրինթոսի տեսքով ինստալյացիայի կենտրոնում: Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Լեւոն Պարյանը, նրա գործընկեր, լուսանկարիչ Արա Օշականն ու ճարտարապետ Վահագն Թովմասյանը որոշել են ներկայացնել այս ցուցադրությունը՝ որպես վերապրածների վկայություն:

Ֆոտոքանդակներն ավելի մեծ նախագծի մի մասն են: Պարյանը սկսել է Հայոց ցեղասպանության վերապրածներին լուսանկարել 1989 թվականին: 1996-ին նա Արա Օշականի հետ սկսել է աշխատել մի նախագծի շուրջ, որը ներկայում «Genocide Project» անվանումն է ստացել: Դա ողբերգությունը վերապրած ավելի քան 80 դիմանկարների եւ ականատեսների բանավոր պատմությունների շարք է: Նախագծի նպատակը Ցեղասպանության հարցի շուրջ ուշադրություն հրավիրելն է: