Ռիվերսայդի Կալիֆորնիական համալսարանի ուսանողական մարմնի ղեկավարությունը միաձայն ընդունել է բանաձեւը, որը կոչ է անում Թուրքիայից դուրս բերել կապիտալը՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության հետ:
«Asbarez» պարբերականի փոխանցմամբ, բանաձեւը Կալիֆորնիական համալսարանին կոչ է անում Թուրքիայից դուրս բերել 72.6 մլն դոլարի չափով ներդրումներն ու արժեթղթերը՝ Հայոց ցեղասպանություն իրականացնելու եւ այն հերքելու համար:
«70 մլն դոլար ներդնելով թուրքական արժեթղթերում՝ Կալիֆորնիական համալսարանի համակարգն աջակցում է մարդու իրավունքների խախտմանը, որը թուրքական կառավարությունը ժխտում է հարյուրամյակ շարունակ: Կարեւոր է, որ մենք սատարում ենք կապիտալի դուրսբերման այս բանաձեւը, քանի որ դա ցույց է տալիս, որ Ռիվերսայդի Կալիֆորնիական համալսարանն ուժեղ դիրքորոշում ունի ցեղասպանությունների շարունակման դեմ»,- ասել է Հայկական ուսանողական ասոցիացիայի անդամ Պետրոս Քյոսոյանը:
Հիշեցնենք, որ նման բանաձեւեր են ընդունել նաեւ Լոս Անջելեսի, Բերքլիի, Իրվայնի եւ Դեւիսի Կալիֆորնիական համալսարանների ուսանողական մարմինները:



























