Դեպոզիտի ապահովագրության շեմի բարձրացումը կարող է խանգարել կապիտալի շուկային։ Այս մասին մայիսի 18-ին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման» մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ բանկային ավանդների հավելյալ ապահովագրումը կնպաստի բանկերում կապիտալի ներհոսքին։ Իսկ դրանք առանց դրա էլ կազմում են ֆինանսական շուկայի 90 տոկոսը։ Այլընտրանքային ինստիտուտներին, մասնավորապես կապիտալի շուկային, օդը չի հերիքում։ «Մենք բարձրացնում ենք բոլոր դեպոզիտների երաշխիքները, այդ թվում՝ 13-14 տոկոսանոցները։ Ստացվում է, որ եթե ընկերությունը ցանկանում է դուրս գալ կապիտալի շուկա եւ միջոցներ ներգրավել պարտատոմսերի թողարկումով, նա պետք է առաջարկի առնվազն 20 տոկոս եկամուտ, ինչն ապահովելը ուղղակի իրական չէ»,- պարզաբանեց Մինասյանը։