Լիտվան հույս ունի, որ Ղազախստանի եւ Եվրամիության միջեւ շուտով ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր կստորագրվի, որը կակտիվացնի Աստանայի եւ Վիլնյուսի երկկողմ համագործակցությունը։ Այս մասին մայիսի 19-ին Աստանայում հայտարարել է Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Խոսելով Ղազախստանի եւ Լիտվայի միջեւ երկկողմ համագործակցությունից՝ վարչապետը նշել է, որ Ղազախստանը Կենտրոնական Ասիայում Լիտվայի ամենահուսալի գործընկերն է։ «Մեզ կապում են քաղաքական, տնտեսական եւ մշակութային շատ ջերմ հարաբերություններ։ Կարծում եմ առեւտրատնտեսական միջպետական հանձնաժողովը շատ կարեւոր գործիք է, որը աստիճանաբար ավելի կարեւոր դեր է խաղում»,- ասել է Բուտկյավիչուսը։

Եվրամիության եւ Ղազախստանի միջեւ գործընկերության ընդլայնման բանակցությունները պաշտոնապես ավարտվել էին 2014թ. հոկտեմբերին։ Փաստաթուղթը կստորագրվի ԵՄ 28 անդամ երկրների պատգամավորների կողմից հաստատվելուց հետո։