Արարատի մարզում մարտի 14-ի երեկոյան «Շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով նախաքննությունը շարունակվում է, գործով մեղադրյալ չկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ տեխնիկական փորձաքննության պատասխանը դեռ չի ստացվել:

Մեր տեղեկություններով՝ արդեն առկա է բժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ շտապօգնության վարորդը՝ Հրաչ Կարապետյանը, եղել է ոչ սթափ վիճակում:

«Արտաշատ» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ գործով զբաղվում է Արարատի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը: Նրանք նշեցին նաեւ, որ փորձաքննության եզրակացության հետ համաձայն չեն, քանի որ իրենց վարորդներն ամեն օր բուժզննում են անցնում՝ նախքան աշխատանքի անցնելը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահվան ելքով ավտովթար է գրանցվել Արարատի մարզում: 2015թ. մարտի 14-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել վթար։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայության «Ֆորդ» մակնիշի 339 UL 25 պ/հ եւ «ԳԱԶել» մակնիշի 15 US 247 պ/հ ավտոմեքենաները:

Շտապօգնության «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ 57-ամյա Հ. Կ.-ին, բուժքույր 29-ամյա Խ. Մ.-ին, բժիշկ 55-ամյա Լ. Հ.-ին, եւ 27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանին, իսկ  «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից` ուղեւոր 20-ամյա Ռ. Գ.-ին, որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:

27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի առթիվ մարտի 16-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: