Գյումրիում տեղի ունեցած սարսափելի վթարի գործով տեսաձայնագրությունն անհետանալու հետ կապված առայժմ գործ չի հարուցվել: Գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի փաստաբանը՝ Լիանա Բալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որ քրեական գործ հարուցեր վթարի տեսաձայնագրությունն անհետանալու կապակցությամբ, սակայն Գլխավոր դատախազությունը դիմումի քննարկումն ուղարկել է Շիրակի մարզի դատախազություն:
«Շիրակի մարզի դատախազի տեղակալ Ա. Ավետիսյանը, որ սույն գործով հսկող դատախազն է և դատարանում է հանդես գալիս, որպես դատախազ վթարի գործով ինձ գրավոր պատասխանել է, որ նորից դիմեմ դատախազություն»,-ասաց փաստաբանը: Լիանա Բալյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է դիմել դատախազություն, որպեսզի քրեական գործ հարուցեն վթարի տեսաձայնագրությունը ջնջվելու առթիվ: Նա հույս ունի, որ այս անգամ առարկայական պատասխան կստանա եւ իրավապահները հետեւողական կգտնվեն:
Հիշեցնենք, որ գործի նյութերին ծանոթանալու ընթացքում պարզվել է, որ քննիչն առգրավվել է մոտակա գազալցակայանի տեսաձայնագրող սարքը, որը նկարահանել է վթարի պահը: «Սակայն երբ ես գործին ծանոթացա, տեսա, որ այս տեսաձայնագրությունը չկա: Քննիչին հարցրի՝ որտեղ է այդ տեսաձայնագրությունը, նա պատասխանեց, որ դա օնլայն է եւ վերադարձրել ենք: Ի՞նչ է նշանակում օնլայն, 4 ամսվա ընթացքում քննիչը պարտավոր էր նշանակել փորձաքննություն, պարզել, թե դա ինչ ձայնագրություն է, ես էլ դրա համար գրավոր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի եւ պարզվի, թե որտեղ է այդ տեսաձայնագրությունը»,-հայտնել էր փաստաբանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է: Ընթանում է դատաքննություն:





























