Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով նախաքննությունը պետք է վերսկսվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղինակ Գեւորգյանը:
Նա նշեց, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանի մասով գործը կասեցվել էր, այժմ պետք է վերացվի կասեցման որոշումը եւ նախաքննությունը վերսկսկվի: Ն. Խաչատրյանի հայտնաբերումից հետո պետք է նրան մեղադրանք առաջադրվի, ճշտեն նրա դիրքորոշումը, ցուցմունքներ տա, որից բխող անհրաժեշտ քննչական գործողություններ անեն: «Կարծում եմ՝ այդքան շատ քննչական գործողությունների անհրաժեշտւթյուն չի լինի, բոլոր անհրաժեշտ գործողությունները կարծես արվել են: Կարվեն այն գործողությունները, որոնք կբխեն իր կողմից տրված ցուցմունքների բովանդակությունից: Այսինքն՝ եթե ինչ-որ փաստական տվյալներ, հանգամանքներ ասի, ապա նախաքննությունը կպարզի դրանց հավաստիությունը: Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակում նախաքննությունը կավարտվի եւ գործը կուղարկվի դատարան»,-ասաց իրավահաջորդի ներկայացուցիչը:
Իսկ թե ինչ կապ ուներ Նարեկ Խաչատրյանը Սեդրակ Զատիկյանի հետ, փաստաբանը նշեց, որ առայժմ ոչինչ չի կարող հայտնել, որպեսզի կաշկանդող հանգամանքներ չառաջանան, օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ նախաքննություն կատարվի:
Հիշեցնենք, որ Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով, նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: Զատիկյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը Արսեն Առուշանյանին պատվիրելու համար։ Վերաքննիչ դատարանը մերժել է բեկանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հակոբյանին դատապարտելու վերաբերյալ կայացրած վճիռը եւ նրան չի արդարացրել: Մյուս կողմը եւս դիմել էր Վերաքննիչ դատարան՝ պահանջելով ցմահ ազատազրկում Ստեփան Հակոբյանի նկատմամբ, այդ դիմումը եւս մերժվել է: Վճռաբեկ դատարանը դիմումը վարույթ չէր ընդունել: Նրանք ՄԻԵԴ չեն դիմել: Ոստիկանությունը հայտնաբերել է Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպած և միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանին:





























