Իռլանդիայի Քորք քաղաքում հային 1000 եվրոյի չափով տուգանել են՝ իր փոքրիկ խանութում Apple-ի «iPhone» սմարթֆոնի կեղծ լիցքավորող սարք վաճառելու համար: Այն միացնելուց անմիջապես հետո պայթել է:
Ըստ «Irish Examiner»-ի, քաղաքի առեւտրի կենտրոնում գործող «The Phone» խանութի սեփականատեր 48-ամյա Անդրանիկ Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատաքննության արդյունքում դատապարտվել է: «Apple» ընկերությունից ավագ հետազոտողը, որը Մեծ Բրիտանիայում աշխատում է մտավոր սեփականության իրավունքի ոլորտում, հաստատել է, որ լիցքավորող սարքն ու հեռախոսային այլ պարագաները կեղծ են:
Դատավորն ասել է, որ Ղազարյանը չի կարող այդ ամենում մեղադրել մատակարարներին, եւ հավելել. «Նա հստակ գիտեր, թե ինչ ապրանք ունի, եւ որ դրանք վաճառվում են Apple ընկերության անվան ներքո: Դա լուրջ հարց է, եւ դատարանները չեն կարող դրան թեթեւ նայել: Բարեբախտաբար, լիցքավորող սարքից վնասը մեծ չի եղել»:
Անդրանիկ Ղազարյանը, ով նշում է, որ Հայաստանում ռադիոտեխնիկայի ոլորտի համալսարանական դիպլոմ է ստացել, հայտարարել է. «Ես դրանք որպես Apple ընկերության արտադրանք չեմ վաճառում: Ես դրանք վաճառում եմ որպես Apple-ի սարքերը լիցքավորող ապրանք: Չգիտեի, որ կեղծ ապրանք եմ վաճառում»:




























