Արտակարգ իրավիճակների նախարարության Չարբախի հրշեջ-ծառայությունում գործընկերոջ կողմից հրազենային վնասվածք ստացածը 30-ամյա Վարազդատ Սեդրակյանն է: Մեր տեղեկություններով՝ նա գտնվում է «Մալաթիա» բժշկական կենտրոնում:
Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ տղամարդուն վիրահատել են, վիճակը արդեն բավարար է, գիտակցությունը տեղն է, արդեն քայլեցրել են: ԱԻն աշխատակիցը դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում եւ հայտնի չէ՝ երբ կտեղափոխվի հիվանդասենյակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության Չարբախի ծառայությունում օրերս կրակոցներ են հնչել: NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱԻՆ-ի աշխատակիցը կրակել է մեկ այլ ԱԻՆ աշխատակցի: Ընդ որում՝ վերջինս աշխատակցին կրակել է պնեվմատիկ զենքով: Աշխատակիցը կոտորակային ծանր վնասվածք է ստացել որովայնի հատվածում, երիտասարդին մի քանի ժամ վիրահատել են, մինչեւ կարողացել են գնդակը հանել, վիճակը կայունացնել, բժիշկներին դժվարությամբ հաջողվել է նրան գիտակցության բերել:
Ասում են, թե կրակողը հայտնել է՝ իբր միջադեպը զուտ պատահականություն է, ինքը զբաղվում է ծտաորսությամբ, ցանկացել է ծտին կրակել, այն էլ պատահաբար կրակել է գործընկերոջը:
Սակայն, կասկածներ կան, որ միջադեպը ամենեւին էլ պատահականության հողի վրա չի եղել, այլ վիճաբանության: Այնպես որ նյութերը, ամենայն հավանականությամբ, կուղարկվեն ՀՔԾ:




























