Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում մայիսի 19-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող թիվ 18 արվեստի դպրոցի անվանակոչման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ Նիժեգորոդսկի մարզի նահանգապետ Վալերի Շանցեւը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Ավետիսյանը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներն ու մարզի արվեստասեր հասարակությունը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Նիժնի Նովգորոդի նահանգապետ Վալերի Շանցեւն ու Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` փոխադարձ կարեւորելով մշակույթի, կրթության եւ հասարակական բնագավառներում երկու մարզերի միջեւ հաստատված համագործակցության նշանակությունը որպես երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ երկկողմ դաշնակցային հարաբերությունների եւ բարեկամական կապերի առավել ընդլայնման երաշխիք:
Երկու մարզերի միջեւ դեռեւս 2011թ.-ին կնքված տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային բնագավառներում համագործակցության զարգացման շուրջ համաձայնագրի շրջանակներում 2014թ.-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի թիվ 1 դպրոցն անվանականոչվել էր Մաքսիմ Գորկու անունով:




























