Իրենց աշխատավարձի պարտքերի մարում պահանջող նաիրիտցիներն այսօր՝ մայիսի 20-ին, հավաքվել են Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով պատգամավորներից այսօրվա հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել իրենց խնդրի միասին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԺ-ի մոտ են հավաքվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք ակնկալում են հանդիպել պատգամավորներին եւ խնդրել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Էրվանդ Զախարյանին հարց ուղղել իրենց ախատավարձի պարտքերի փակման եւ գործարանի վերագործարկման մասին:

«Մենք այժմ հավաքվել ենք այստեղ եւ չենք հեռանալու, մինչեւ հարց ու պատասխանի ժամանակ մեր աշխատավարձի հարցը չբարձրացնեն»,- ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից Զորիկ Հովհաննիսյանը:

Նշենք, որ մայիսի 19-ին նաիրիտցիները կրկին հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց եւ նրանց էր մոտեցել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը խոստացել էր հնարավորության դեպքում հարց ուղղել Երվանդ Զախարյանին:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: