«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է, որ էլեկտրաէներգիան ոչ մի դրամ չթանկանա։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողներին ասաց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը։

«Մեր պահանջն է, որ ոչ մի լումա չթանկանա։ Մենք չենք պահանջում, որ չթանկանա 16-17 դրամով, այլ պահանջում ենք ոչ մի լումայի թանկացում։ Սա է մեր հստակ պահանջը»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 27-ին լինելու է խաղաղ երթ, որի ժամանակ իշխանություններին ցույց են տալու հասարակության ուժն ու կամքը։ Արդյունքի չհասնելու դեպքում նախաձեռնության անդամները դիմելու են այլ միջոցների՝ օրենքով սահմանված կարգով. «Երթը ցույց է տալու, որ ժողովուրդը դեմ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը»։

Նախաձեռնության մյուս անդամներից Գեւորգ Սանոյանն էլ նշեց, որ իրենց պահանջներն ուղղված են վարչապետին եւ էներգետիկայի նախարարին։

«Մենք անիմաստ երկխոսությունների եւ քննարկումների չենք գնալու։ Մեր պահանջը հստակ է»,- ավելացրեց նա։

Նշենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։