Երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ եւ մարմնական վնասվածքներով 2014թ. հունվարի 13-ին հոսպիտալ տեղափոխված նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով մեղադրող կողմը մայիսի 20-ին ներկայացրել է մեղադրական ճառը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստի ժամանակ դատախազը 5 տարվա ազատազրկում է պահանջել գործով կալանավորված, զինծառայողներ Արման Թադեւոսյանի, Հրաչ Մնացականյանի եւ Իշխան Կիրակոսյանի համար: Կրտսեր սերժանտ Վահե Օհանյանի համար մեղադրող կողմը պահանջել է 6 տարվա ազատազրկում:
NEWS.am-ի հետ զրույցում Արման Թադեւոսյանի փաստաբանը, մեկնաբանելով մեղադրող կողմի պահանջած պատժաչափը, նշեց, որ դատախազն ընդամենը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը:
Նշենք, որ հունիսի 3-ին պաշտպանական կողմը հանդես կգա պաշտպանական ճառերով:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:
Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանին, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Մնացականյանին, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանին եւ Իշխան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Վահե Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՔՕ 358.1 հոդվածի 2-րդ մասով:





























