Քաղաքականությունը եւ դատախազի պաշտոնն անհամատեղելի են եւ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր դատախազ ստիպված է լինելու ընտրություն կատարել դատախազի պաշտոնի եւ քաղաքականությամբ զբաղվելու միջեւ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ խորհրդարանում ներկայացնելով 2014թ. աշխատանքի հաշվետվությունը։
«Հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության` անկախ իր քաղաքական հայացքներից կամ կուսակցական պատկանելիությունից: Հետեւաբար, այս կամ այն անձին քրեական պատասխանատվության ենթարկելը կարող է շատերի կողմից շահարկվել քաղաքական ենթատեքստում, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ այդ որոշումները կայացվում են բացառապես իրավական հենքի վրա` օրինականության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների կիրառմամբ»,- նշել է Կոստանյանը:
Նրա խոսքով, Քրեական օրենսգիրքն արարքի հանցավորությունը բացառող, ինչպես նաեւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքերի հանգամանքների շարքում կուսակցական պատկանելությունը կամ քաղաքական հայացքները չի սահմանում, հետեւաբար, հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթարկվելու է արժանի պատասխանատվության:





























